ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Պատմություն» Առաքել Դավրիժեցի (գլուխ ԻԷ)

«Պատմություն» Առաքել Դավրիժեցի  (գլուխ ԻԷ)
16.10.2023 | 13:01

Ահա մեր պատմության դրվագներից մեկը, որում ներկայացվում է Տիրոջ ասած լավ հովիվը, ով իր հոտի համար դիմում է անձնազոհության և ում հավանաբար դեռևս չեն սրբադասել։

ՏԵՐ ԱՆԴՐԵԱՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այնպես էր լինում, որ պարսից մեծ և առաջին Շահ-Աբաս թագավորը ականջ էր կախում զրպարտիչ մարդկանց, որոնք չար բաներ էին խոսում Նախիջևան քաղաքի բնակիչների մասին: Շահը մեծ ցասումով լցվեց նրանց դեմ և հրամայեց քաղաքի բոլոր բնակիչներին հանել, արտաքսել, քշել տանել Ֆահրապատ քաղաքը, իսկ Նախիջևան քաղաքը ավերել, տներն ու բոլոր շինվածքները քանդել, այգիները կոտրատել։ Թագավորի հրամանը անարգել կատարվեց նրանց վերաբերյալ, որովհետև բոլոր բնակիչներին հանեցին, քշեցին Ֆահրապատ։ Իսկ Նախիջևանի բնակիչներից աննշանները, ստորին խավը փախչելով շրջակա գյուղերը, թաքնվեցին այստեղ-այնտեղ։ Սրանցից մեկն էլ տեր Անդրեասի ծնողներն էին, որոնք գնացել էին Ագուլիս գյուղը և այնտեղ տեղավորվել։

Մինչդեռ տեր Անդրեասը մանուկ էր, նրան ուսման տվին. սովորեց եկեղեցական ամբողջ ուսմունքը։ Երբ մեծացավ, չափահաս դարձավ, նրան աշխարհ մտցրին՝ հարսանիք արին: Եվ ինչպես գրված է, ըստ իր անձի և ժողովրդի վկայության, նրան քահանա ձեռնադրեցին, իսկ նա՝ քահանայությունը վարում էր որպես վայել էր քահանայության կարգին։

Սույն ժամանակներում Մովսես վարդապետը, որ հետո Էջմիածնի կաթողիկոս եղավ, և Պողոս վարդապետը, որի մասին պատմեցինք, հայտնվեցին հայոց Արևելյան աշխարհում անբիծ ռւ պարկեշտ վարքով, որովհետև երկրե երկիր շրջում էին, քարոզում, շինում եկեղեցիներ, կարգում քահանաներ ըստ առաքյալների կարգի։

Մեր հավատի և կրոնի հաստատության համար դպրոցներ բացին պատշաճավոր տեղերում՝ Աստապատ և Շոռոթ [1] գյուղերում, որպեսզի շրջակա գյուղերից երեխաները այնտեղ հավաքվեն սովորելու համար։ Այդպես էլ Ագուլիս գյուղում դպրոց բաց արին և մանուկների համար ուսուցիչ նշանակեցին տեր Անդրեասին։ Այդտեղ հավաքվեցին մոտ հիսուն-վաթսուն երեխաներ, որոնց վերակացուն տեր Անդրեասն էր, որ ղեկավարում և ուսուցանում էր մեր եկեղեցու ընդհանուր ուսմունքը։

Այնպես եղավ, որ Շահ-Աբաս թագավորը եկավ Ագուլիս գյուղը այսպիսի պատճաոով։ Օսմանցիներից ոմն զորավար Օքուզ Ահմադ փաշա անունով մեծ զորքով եկավ Երևանի բերդի վրա, որպեսզի պարսիկներից գրավի, դարձնի օսմանցիների կողմը։ Այս պատճառով պարսից Շահ-Աբաս թագավորը հավաքելով պարսկական ողջ զորքերը՝ եկավ Երևանի բերդին օգնության։

[Օսմանցիների] զորավարը նստավ բերդի շուրջը, երկու և կես ամիս կռվեց, չկարողացավ գրավել։ Վրա հասավ ցուրտ աշունը, և նեղվելով ցրտից ու սովից, վերադարձավ իր ողջ բանակով և շարժվեց գնաց Կարին քաղաքը՝ օսմանցիների երկիրը: Զորավարի գնալուց հետո շահն էլ Երևանից վերադարձավ և գնաց Նախիջևան, այնտեղից էլ Ագուլիս։ Արդ՝ այս պատճառով շահը Ագուլիս եկավ: Շահը սովորություն ուներ, ուր էլ կմտներ թե քաղաք, թե երկիր, տեղի բոլոր բնակիչները միանգամից ընդառաջ էին ելնում՝ իշխաններ, ժողովուրդ, տղամարդիկ, կանայք, աղջիկներ, երիտասարդներ ու մանուկներ։ Բոլորն էլ զարդարվում էին ազնիվ ու թանկագին զարդերով, (տանում էին) քաղցրահամ մրգեր, համադամ ու անուշաբույր ուտելիքներ, ծաղկահամ գինիներ։ Վայելչահասակ ու գեղեցկատես մանուկներն ու աղջիկները, կանայք ձեռքները բռնած գինին ոսկե բաժակով մատուցում էին շահին։ Նաև աշխարհիկ գուսաններն ու երգիչները առջևից ընթանալով և գեղարվեստական երգերով քաղցրանվագ երգում էին։ Նաև եկեղեցականները՝ քահանաներ, պաշտամունք կատարողներ, հագած շուրջառ ու ժամաշապիկ, առած խաչ, ավետարան, բարձրացրած խաչվառ, խունկերով, մոմերով, զանգակներով ու ծնծղաներով դուրս էին գալիս շահին ընադառաջ և երգելով գնում, մինչև հասցնում էին նրա իջևանատեղը։

Արդ՝ երբ Ագուլիս գյուղի քահանաները եկան շահի առաջ հագած շորերով, նրանց հետ կային դպրոցի մանուկներից ոմանք, որոնք շապիկ էին հագած, վերցրել էին մոմակալներ ու մոմեր և գնում էին խաչվառներին առընթեր։ Մինչ քահանաները երգելով գնում էին շահի առջևից, շահը նայում էր այստեղ-այնտեղ և ըստ իր չարահուշ մտքի ու բարոյախոսության զննում էր բոլորին և զննելիս նայեց մանուկներին, տեսավ, որ մանուկների գագաթները ածիլված էին։ Այս բանը նրան սարսափելի ծանր թվաց, որովհետև համարեց, թե իր համար են այդ արել, որպեսզի մանուկները նրա աչքին վայելչագեղ չերևան և շահին հաճելի չլինի, որ նրանցից չվերցնի։ Շահը վայրկենապես ցասումով լցվեց այն մարդու դեմ, որ մանուկների գագաթները ածիլած է եղել։ Նաև մահմեդական հավատք ունեցող մարդիկ, որ բնիկ Ագուլիս գյուղի բնակիչներ են՝ երևելի իշխաններ, որ շահի հետ շրջում էին և նրան մոտիկ սպասավորում, քրիստոնյաների դեմ ունեցած բնական նախանձի պատճառով ավելի ևս դժգոհեցին ու զայրացրին քրիստոնյաների դեմ թագավորի ցասումը, դրա համար շտապ հուզմունքով շահը հրամայեց քննել ու գտնել նրան և սպանել, ով այդ բանն արել է։ Եթե մանուկների ծնողներն արած լինեն այդ, նրանց սպանել և ունեցվածքները հափշտակել, իսկ մանուկներին վերցնել թագավորի ծառայության մեջ։ Իսկ թագավորի առաջիկա ծառայողները սկսեցին քննել, սրանից, նրանից հարցնել, թե ո՛վ այն արած կլինի։ Ամենքը պատասխանում էին, թե չգիտեն։ Ապա մեջտեղ բերին տեր Անդրեասին, ստիպելով պահանջում էին, թե ասա մեզ, քանի որ մանուկների վերակացուն դու ես և դու ես տեղյակ։ Իսկ տեր Անդրեասը մտքում խորհում էր. եթե ծնողներին մեղադրեմ, նրանց կսպանեն և մանուկներին կհափշտակեն, եթե մեկ ուրիշի մեղադրեմ, նրան կսպանեն, իսկ այդ կդառնա ինձ համար խղճմտանքի անփարատելի ցավ ըստ սուրբ Ավետարանի վկայության, թե՝ «Լավ է, մի մարդ մեռնի, որ ամբողջ ժողովուրդը չկորչի» [Ն 1]։ Այս պատճառով լավ համարեց իրեն մատնել ու շատերին փրկել։ Եվ երբ զինվորները շատ ստիպեցին, տեր Անդրեասը ուրիշներին փրկելու համար ասաց, թե ես եմ արել այդ։ Զինվորները նրա խոսքը հայտնեցին շահին, իսկ շահը հրամայեց՝ բռնել նրան և գցել կալանքի տակ։ Օրեր հետո շահը հրամայեց նրան բերել իր առջև. հարցրեց. «Թե ճիշտն ասա, ո՞վ է այդ գործի անողը»։ Տեր Անդրեասը ասաց. «Ոչ ոք, այլ միայն ես»։ Իսկ շահը տեսավ, թե ուրիշ մեկի չմատնեց, սարսափելի բարկացավ նրա վրա, հրամայեց տարածել գետնի վրա ու անխնա հարվածել։ Շատ հարվածներից հետո շահը ասաց. «Դու այդպիսի վնաս ու հանցանք ես գործել, եթե կամենում ես կենդանի մնալ, ուրացիր ձեր քրիստոնեական հավատը, ընդունիր մեր կրոնը և մեր մոլար առաջնորդի դավանանքը, ես քեզ կտամ պատիվներ ու մեծություն, իսկ եթե չհամաձայնվես, շների ու գազանների առջև կնետեմ քեզ»։ Նա չուրացավ, այլ պատասխան տվեց, թե քրիստոնյա եմ և Քրիստոսի ծառա։ Իսկ թագավորը այդ լսելով զայրագին բարկությամբ հրամայեց դարձյալ բանտ գցել։

Մյուս օրը վերստին բերեց իր առջև և հարցրեց՝ «ՈՒրանո՞ւմ ես քո հավատը»։ Տեր Անդրեասը ասաց. «Չեմ ուրանում»։ Կրկին անգամ արքան ասաց. «Քեզ պատիվներ ու մեծություն կտամ, եթե ուրանաս ձեր հավատը»։ Իսկ նա չհամաձայնվեց, և դարձյալ հրամայեց բանտ գցել:

Իսկ քրիստոնյաները մոտեցան թագավորի նախարարներին և խոստացան մեծ դրամ, որ գուցե ազատեն նրան։ Թեպետ նախարարները երկիցս, երիցս խնդրեցին, արքան չլսեց։ Նաև ցղնացի խոջա Անձրևի կինը, որին շահը մայր էր ասել, և հարգանք ուներ շահի առջև, մեծ աղաչանքով ընկավ շահի ոտքը, խնդրեց ազատել նրան, սրան նույնպես չլսեց։

Դարձյալ տեր Անդրեասին բերին արքայի առջև. շատ անգամ արված հարցուփորձից, պարգևների խոստումով, տանջանքների սպառնալիքով, երբ թագավորը տեսավ չի համաձայնվում, հրամայեց սպանել։ Իսկ քաջ նահատակ և ճշմարիտ քահանա տեր Անդրեասը հաստատուն հավատով կանգնած էր , քրիստոնեության մեր հավատի անշարժ հիման վրա։

Իսկ զինվորները առան տեր Անդրեասին կապանքներով տարան ի կատար ածելու տեղը, և նա ուրախությամբ ու հոժար կամքով գնում էր։ Եվ երբ հասավ կատարման տեղը, ինքը արձակեց իր գոտին, հանեց հագուստները և դահիճներին ասաց, որ իր վրա կատարեն թագավորի հրամանը։ Բայց դահիճները զգուշացնում էին, թե գուցե համաձայնի թագավորի առաջարկներին և մինչ սուրբը կանգնած էր կատարման տեղում, թագավորը նրա մոտ ուղարկեց նախ արաբներից ոմանց կրկին անգամ, թե՝ «Մի կորցնիր քո գեղեցկությունն ու երիտասարդությունը, եկ, համաձայնվիր իմ խոսքերին և ինձնից պարգևներ ու մեծություն առ»։ Իսկ քաջ նահատակը նրանց բոլոր խոսքերին պատասխանում էր, թե՝ «Ձեր դատարկ խոստումները չեմ ընդունում և իմ ճշմարիտ հավատը չեմ ուրանում»։ Դահիճները հանել էին սրերը, խաղացնում էին նրա վրա, դնում էին որովայնին նրան վախեցնելու համար, բայց նա չէր երկնչում։

Նահատակության տեղը եկան սրբի ծնողները և կանգնած էին մոտը, աղիողորմ ու հորդաբուխ լալիս էին և աղաչանքով ասում սրբին. «Մեր քաղցրիկ որդյակ, որ ստանձնեցիր քահանայության կարգ և եղար Քրիստոսի զինվոր, երբեք չուրանաս Քրիստոսին և լինես Քրիստոսի ատողների զինվոր. չթողնես Քրիստոսի լուսապայծառ հավատքը և ժամանակավոր կյանքի համար զրկվես հավիտենական կյանքից, այլ հիշիր Քրիստոսի ճշմարիտ մարտիրոսներին, որոնց պատմությունը մշտապես կարդալով պատմում էիր մեզ, համբերիր, ինչպես նրանք, որպեսզի նրանց պսակին արժանանաս»: Ծնողները փղձկացող սրտով, հորդաբուխ արտասուքներով, աղերսելով այս և սրա նման խոսքեր էին ասում սրբին նրա մոտ կանգնած։ Իսկ դահիճները երկար ժամանակ ուշացնում էին այնտեղ, որ թերևս երկմտելով թուլանա, բայց սուրբը անդրդվելի կանգնել էր ճշմարիտ հավատի վրա և դեմքը խաչակնքելուց չէր դադարում։ Երբ դահիճները տեսան նրա հաստատուն մտադրությունը, որ չի դառնա [իր հավատից], այդ ժամանակ սուրը երկարելով պատռեցին նրա որովայնը, և փորից աղիքները դուրս թափվեցին։ Իսկ սուրբը մի ձեռքով աղիքներն էր հավաքում փորում, մյուս ձեռքով խաչակնքում էր երեսը, հիշում Քրիստոսի անունը։ Ապա [դահիճները] ոտքի սրունքների ջիլերը ծակեցին և պարանով բարձրացրին վեր և սրբին գլխիվայր կախեցին։ Նա մնաց կենդանի մինչև արևամուտ, երեկոյան մաքուր հոգին ավանդեց Աստծու ձեռքը որպես անուշաբույր խունկ և ընդունելի մատաղ։

Սրբի մահից հետո շահը հրամայեց նրա մարմինը նետել շինությունից դուրս, որպեսզի կերակուր դառնա գազանների ու թռչունների։ Իսկ քրիստոնյաները այնտեղից վերցրին, բերին Ագուլիսի ներքին եկեղեցին, որ այժմ կոչվում է Խցաձորի եկեղեցի, և այնտեղ թաղեցին, այժմ էլ այնտեղ թաղված են նրա ոսկորների պատվական նշխարները բոլոր քրիստոնյաների բարեխոսության համար։

Աստծու սուրբ քահանա տեր Անդրեասի նահատակությունն ու մարտիրոսական մահը տեղի ունեցավ հայոց մեծ թվականության 1000 [1617] տրե [Ն 2] ամսի 10-ին, այսինքն՝ նոյեմբեր ամսի տասնութին։ Նրա հիշատակը թող օրհնությամբ լինի, իսկ աղոթքներով Տէրը մեզ ողորմի, ամեն։

Տեր Անդրեասի նահատակությունից հետո, երբ արդեն երեք կամ չորս ամիս անցել էր, խոսք ու զրույցի մեջ Շահ-Աբասի առջև վերստին հիշվեցին տեր Անդրեասի արարքի որպիսությունն ու իրողությունը։ Եվ այնտեղ նախկին չարախոսներից մեկը՝ Ագուլիսի մահմեդական բնակիչ, որի մասին կանխավ հիշատակեցինք, Շահռուզ բեկ անունով շահի առջև ասաց, թե՝ «Տեր Անդրեասը, որ մանուկների կուլակները ածիլել էր, ոչ թե իր խելքով էր արել, այլ իր վերադասի խորհրդով, քանզի իրեն խրատիչ ուներ: Անմիջապես հարցում արին խրատողի մասին, թե ով է: Մարդկանց ու անասունների համեմատության մեջ մահմեդականները համեմատվում են օձի հետ նախանձի ու նենգության պատճառով, որ ի բնե ունեն քրիստոնյա ազգերի ու հավատի հանդեպ։ Դրանցից մեկը այս Շահռուզ բեկն էր նույն ախտով հիվանդացած. սա Մովսես վարդապետին մատնեց շահի ձեռքը՝ ասելով. «Կա մի մարդ, որի անունն է Մովսես, որ քրիստոնեական կրոնի վարդապետ է. սրա բնակության վայրը Տաթև վանքն է, իսկ ինքը Սյունյաց երկրից է։ Նա է տեր Անդրեասի օրենքուսույցն ու դաստիարակը։ Սրա համար թագավորից հրաման եղավ զորականներ ուղարկել, Մովսեսին բռնել և կապանքներով բերել թագավորի մոտ: Զորականները գնացին Մովսես վարդապետին բռնեցին, սրա հետ նաև Պողոս վարդապետին։ Զուգափայտից օղակ սարքեցին, դրին նրանց պարանոցները, և երկաթե ոտնակապեր՝ ոտքերը, ձյուն-ձմեռվա ցուրտ օրերին երկու վարդապետներին բերին շահի բանակը և հայտնեցին նրան: Իրենց խորհրդակցության սենյակում քննել էր շահը և ասել. «Եթե երկու մարդ սպանեմ, քրիստոնյաներին քիչ վնաս կլինի, մեզ էլ քիչ օգուտ, բայց նրանցից կառնեմ դրամի խոշոր տուգանք, որով մեզ ավելի օգուտ կլինի, իսկ նրանց վնաս»։ Եվ այսպես ագահության և դրամամոլության հետևանքով տուգանք դրեց վարդապետների վրա. ասելով՝ «Եթե հինգ հարյուր թուման տան, ապա աղքատ կգնան»։ Իսկ քրիստոնյաները աղերսագիր ներկայացրին թագավորի նախարարներին, որպեսզի նրանք արքային խնդրեն տուգանքը թեթևացնել։ Նախարարների միջնորդության հետևանքով տուգանքը իջավ երեք հարյուր թումանի, և այնտեղ վճռեց, թե անպատճառ պետք է տան։ Նրանց վրա զորականներ նշանակեց, որ առնեն։ Իսկ վարդապետները, որովհետև միջոց չունեին, որ տուգանքը տային, ուստի ելան շրջագայության ողորմություն խնդրելու հայոց ողջ ազգից։

Իսկ աստվածասեր քրիստոնյաները թեպետ աղքատ ու չքավոր էին, բայց ըստ իրենց կարողության աղքատներ ու հարուստներ, տղամարդիկ ու կանայք առանց խնայելու ինչք ու ողորմություն էին թափում վարդապետների առջև։ Իսկ նրանք առնելով ողորմությունը, ուր էլ լիներ, գերի, բանտարկյալ, անաղատելի պարտական և այլ պակասավոր, նախ սրանց էին տալիս և ազատում։ Այս պատճառով շատ գերիներ, բանտարկյալներ, պարտապաններ ազատվեցին, իսկ մնացածը տալիս էին իրենց հսկող զորականներին իրենց տուգանքի դիմաց։ Եվ այսպիսի շրջագայությամբ մինչև չորս-հինգ ամիս վճարեցին երեք հարյուր թումանը, իսկ իրենք ազատվեցին կապանքից Աստծու ողորմությամբ և քրիստոնյաների տվածներով։ Բայց մինչ երեք հարյուր թուման վճարեցին արքայի գանձարանին, չորս հարյուր թուման, մանավանդ էլ ավելի, այստեղ-այնտեղ ծախսվեց, և ապա վարդապետները ազատվեցին:

Իսկ Շահռուզ բեկը, որ Մովսես վարդապետին մատնեց, քիչ օրեր անց սրով սպանվեց շահի զորականների կողմից՝ այստեղ ընդունվելով իբրև իր վաստակների հատուցում մարմնի սատակում, իսկ այնտեղ հոգու կորուստ և հավիտենական տանջանք, որոնցից մեզ փրկեց մեր Փրկիչ Քրիստոսը, Որին փառք հավիտյանս. ամեն։

Նշումներ

1.Դավրիժեցին բառացի չի բերել․ Ավետարանում ասված է․ «Լաւ է միում մեռանել ի վերայ ժողովրդեանն» (Յովհ. ԺԸ 14)։ Լավ է որ մի մարդը մեռնի ժողովրդի համար։

2. Տրեն հայոց տոմարի 4-րդ ամիսն է, որ անշարժ տոմարով համապատասխանում է նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 8-ը։

Ծանոթագրություններ

Շոռոթը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Երնջակ գավառի գյուղերից է։ Երնջակի հարավային սահմանը հասնում Է մինչև Արաքսի ափը: Երնջակը շրջապատված Է Գողթն, Ծղուկ, Ճահուկ և Նախիջևան գավառներով:

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5541

Մեկնաբանություններ